AM
4 Հոկտեմբեր 2025 - 06:19 AMT

Մայր Աթոռ. Միքայել սրբազանին ազատազրկելու անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի ապացույց է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է։

Նշվում է, որ դա իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։

«Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։

Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։

Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը:

Դատավորն այնքան էր շտապում, որ հոդվածի սխալ համար է հրապարակել՝ ՀՀ ՔՕ 442 հոդվածի 2–րդ մասով, որով պատիժ է նախատեսվում «ձեռնարկատիրական գործունեությանը պաշտոնյայի ապօրինի մասնակցության համար», այնինչ՝ արքեպիսկոպոսը մեղադրվում էր 422 հոդվածով, այն է՝ «Իշխանությունը զավթելու հրապարակյին կոչեր»։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։