AM
4 Հոկտեմբեր 2025 - 07:20 AMT

ՀՅԴ-ն՝ Աջապահյանի դատավճռի մասին․ Հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու «անօրինական և խայտառակ որոշումը»։

«Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։

«Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի»,–ասվում է հայտարարության մեջ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը:

Դատավորն այնքան էր շտապում, որ հոդվածի սխալ համար է հրապարակել՝ ՀՀ ՔՕ 442 հոդվածի 2–րդ մասով, որով պատիժ է նախատեսվում «ձեռնարկատիրական գործունեությանը պաշտոնյայի ապօրինի մասնակցության համար», այնինչ՝ արքեպիսկոպոսը մեղադրվում էր 422 հոդվածով, այն է՝ «Իշխանությունը զավթելու հրապարակյին կոչեր»։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։