AM
4 Հոկտեմբեր 2025 - 08:59 AMT

Վարդապետյանը և Գորոդովը կարևորել են ՀՀ և ՌԴ իրավապահ կառույցների համագործակցությունը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն հոկտեմբերի 3-ին հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովին, ով գլխավորել է Երևան ժամանած ռուսական պատվիրակությունը։

Պատվիրակությունն այցելել է Հայաստան՝ մասնակցելու մայրաքաղաքում անցկացված Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ՝ հոբելյանական նիստին։

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և շեշտել է Հայաստանի ու Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությունը։

«Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն Խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Խորհուրդը ստեղծելիս ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։

Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը իր երախտագիտությունն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նա շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել է արգասաբեր գործունեություն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ուղղված իրավական համագործակցության խորացմանը։

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը հիմնադրվել է ԱՊՀ վեց անդամ պետությունների ղեկավարների կողմից՝ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա։ Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ մասնագիտական համագործակցության մարմին և հաշվետու է պետությունների ղեկավարների խորհրդին։

Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը և Տաջիկստանի պետական ֆինանսական վերահսկողության ու հակակոռուպցիոն գործակալության ղեկավարը։