ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն հյուրընկալել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին՝ Թուրքմենստանի անկախության օրվա կապակցությամբ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի առթիվ՝ փոխանցելով իր բարեմաղթանքները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին։
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել դեսպան Այազովին հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա արդյունավետ աշխատանքի համար, ընդգծելով նրա ներդրումը երկկողմ համագործակցության առաջմղման գործում և մաղթելով հետագա հաջողություններ մասնագիտական գործունեությունում։
Խաչատուրյանն ընդգծել է, որ եթե կյանքի կոչվի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, ապա Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցությունն ունակ է նոր հնարավորություններ ստեղծել ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական ու մշակութային ոլորտներում՝ խորացնելով երկու երկրների միջև կապերը։
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև քաղաքական երկխոսությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա, ինչպես նաև նշել են միջազգային հարթակներում ձևավորված վստահելի ու արդյունավետ փոխգործակցության կարևորությունը։
Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։






