«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռին, որով նա ազատազրկվել է 2 տարով։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հոգևորականին երկու տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական որոշում է, որը խախտում է խոսքի և խղճի ազատությունը։ Ըստ ԴԱԿ-ի՝ դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և վերածվել է իշխանության կամքը սպասարկող գործիքի։
Կուսակցության գնահատմամբ՝ այս դատավճիռը ոչ միայն ուղղված է մեկ հոգևորականի դեմ, այլ նաև Հայաստանի Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական դերի։ Այն տեղավորվում է հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության շրջանակում, որի նպատակն է թուլացնել եկեղեցու հեղինակությունը։
Հայտարարությունում ասվում է․
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ։ Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումը, խաթարում ազգային համերաշխությունը և հարվածում Հայաստանի միջազգային հեղինակությանը»։
ԴԱԿ-ը պահանջում է․
- Անմիջապես չեղարկել դատավճիռը և ազատ արձակել ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այլև մյուս քաղբանտարկյալներին։
- Վերականգնել դատական համակարգի անկախությունը և ապահովել արդար դատաքննություն։
- Դադարեցնել եկեղեցու, հոգևորականների և այլախոհ քաղաքացիների դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։
«Մենք զգուշացնում ենք՝ այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար, չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։ … Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլև Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է»,– հայտարարել է կուսակցությունը։
Հայտարարությանը վերջում ԴԱԿ-ը կոչ է արել քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել և պաշտպանել ազատ խոսքն ու մարդու արժանապատվությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը:






