Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է մի շարք ոլորտներում վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը։
Եթե նախագիծը ստանա օրենքի ուժ, ապա 65 տարին լրացած անձինք կկարողանան շարունակել աշխատանքը՝ առանց միայն տարիքի պատճառով պաշտոնից ազատվելու սպառնալիքի, հայտնում է Factor.am-ը։
Փոփոխությունները կվերաբերեն քաղաքացիական և համայնքային ծառայողներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) տնօրեններին, վարչական պաշտոններ զբաղեցնող աշխատակազմերի ղեկավարներին և մի շարք այլ պաշտոնատար անձանց։
Բացի դրանից, առաջարկվում է հնարավորություն ընձեռել պետական, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմնի կազմում ընդգրկված անձանց դառնալ խնամատար ծնող։ Այս կարգավիճակը ենթադրում է նաև համապատասխան վճար երեխայի խնամքի և դաստիարակության համար։
Ըստ նախագծի հիմնավորման՝ միայն տարիքային գործոնը չի կարող դիտարկվել որպես աշխատանքային պայմանագրի լուծման առանձին հիմք։ Տարիքային սահմանափակման վերացումով նման դեպքերում աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն միայն ընդհանուր օրենսդրական դրույթների կիրառմամբ։
Նախագծում ընդգծվում է նաև, որ փոփոխություններն ուղղված են ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարության նպատակներին։ Փաստաթղթում նշվում է, որ պետական քաղաքականության տեսլականն է ապահովել բնակչության հավասարակշռված ու կայուն կառուցվածքը, նպաստել մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։
Հստակ է ձևակերպված նաև այդ նպատակին հասնելու ճանապարհներից մեկը՝ «Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի ավելացմամբ»։
Այս շրջանակում առանձնացվում է ավագ սերնդի ներուժի օգտագործումը խրախուսող միջավայրի ձևավորումը՝ որպես առանձին նպատակ։






