AM
6 Հոկտեմբեր 2025 - 08:43 AMT

Կարապետյան․ Աշխարհում կա ընդամենը 4 բանտարկված միլիարդատեր, որից 2–ը հայ են, երկուսն էլ՝ ազգային հոդվածներով

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորոդին՝ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաճախ մտածում ենք, թե մեր էլիտան միայն հարստության ու հարմարավետության մասին է, բայց այսօր տեսնում ենք, որ մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների։ Որպես օրինակ նա բերել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին, որը կարող էր չխոսել և դրա համար չենթարկվել զրկանքների։

Նա նշել է նաև, որ աշխարհում կա ընդամենը 4 բանտարկված միլիարդատեր, որից 2–ը հայ են, երկուսն էլ՝ ազգային հոդվածներով:

«Մի բան ասեմ՝ բոլորը համակարծիք կլինեն, որ Միքայել սրբազանը կարող էր չխոսել և եկեղեցական հիերարխիայում պահպանել իր դերը՝ առանց այսպիսի զրկանքների, քանի որ այս զրկանքները իրեն ոչ մի աշխարհիկ օգուտ չեն տալիս։

Խոսակցական հայերենով ասած՝ էս մարդը ոչ մի օգուտ չուներ իր բողոքից՝ մենակ նեղ օր։ Բայց ինքը արտահայտվում էր, որովհետև չէր կարող լռել:

Մենք հաճախ մտածում ենք, թե մեր էլիտան միայն հարստության ու հարմարավետության մասին է։ Բայց այսօր տեսնում ենք, որ մեր առաջնորդները պատրաստ են զրկանքների՝ հանուն մեզ, հանուն ճշմարտության և հայրենիքի։

Աշխարհում կան ընդամենը չորս բանտարկված միլիարդատեր, որից երկուսը հայ են։ Երկուսն էլ՝ ազգային հոդվածներով։

Սա ապացույց է, որ հայ ժողովուրդը դեռ ապրում է, դեռ արժանի է ապրելու, որովհետև իր ամենահարուստ, ամենահզոր զավակները պատրաստ են զրկանքների՝ հանուն իր ժողովրդի, հանուն իր հողի, հանուն իր Աստծո։

Թող այս օրերին ոչ թե հիասթափություն ունենանք, այլ հպարտություն՝ որ դեռ կան այսպիսի մարդիկ»։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։

Բաքվում կալանքի տակ է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը Արցախի հայաթափումից մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել Արցախ և որին այժմ մեղադրում են «ռազմական հանցագործությունների» մեջ, թեև նա երբեք չի մասնակցել ռազմական գործողություններին։