ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը հոկտեմբերի 4-ին և 5-ին Ծաղկաձոր քաղաքում համատեղ անցկացրել են երկօրյա քննարկում, որը կրել է «Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագիրը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում ընդգծել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված շարունակական և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ նման հռետորաբանությունը ոչ միայն խաթարել է հասարակության համերաշխությունը, այլ նաև վտանգել է ժողովրդավարական արժեքների կայուն զարգացումը։
«Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այն լայնորեն տարածվում է ինչպես մասնագիտական, ակադեմիական համայնքների, այնպես էլ հանրային ու քաղաքական գործիչների կողմից։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ, սոլիդար և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։ Այս համատեքստում թե՛ Ազգային ժողովը, թե՛ հանրային ու քաղաքական գործիչները կրում են առանձնահատուկ պատասխանատվություն՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմերի ձևավորման և գործարկման հարցում։ Կենսական նշանակություն ունի այն, որպեսզի բոլոր դերակատարները հստակ գիտակցեն՝ ատելության խոսքն անթույլատրելի է ցանկացած պարագայում»,- նշել է Մանասյանը։
Իր խոսքը շարունակելով՝ ՄԻՊ-ը շեշտել է մեդիայի դերը՝ նշելով, որ տեղեկատվական դաշտը պետք է նպաստի ոչ թե ատելության խոսքի տարածմանը, այլ՝ իրավաչափ խոսքի միջոցով հանրության իրազեկման բարձրացմանն ու հանրային համերաշխության ապահովմանը։
Բացման խոսքով հանդես են եկել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։
Այս միջոցառման հիմնական նպատակը եղել է վերլուծել ատելության խոսքի տարածման հիմնախնդիրը՝ հատկապես սոցիալական մեդիայի և սոցցանցերի միջոցով պրոպագանդվող դրսևորումներն ու դրանց շարժառիթները, ինչպես նաև ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու պայքարի չափորոշիչները։ Քննարկվել են նաև այն խումբերը, որոնք հաճախ են դառնում ատելության խոսքի թիրախ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են միջազգային փորձն ու իրավական մոտեցումները, ինչպես նաև լուսաբանվել է մեդիայի պատասխանատվության խնդիրը։ Միջոցառման շրջանակում անցկացվել են խմբային քննարկումներ և պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները դիտարկել են գործնական իրավիճակներ՝ միասնաբար մշակելով գործիքներ՝ ատելության խոսքի դեմ պայքարի և իրազեկման խթանման նպատակով։
Քննարկումները վարել են ազգային փորձագետ Արա Ղազարյանը և միջազգային իրավապաշտպան Ադնան Կադրիբաշիչը։ Միջոցառման ընթացքում նաև իրավասու ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցերով հանդես են եկել ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը։
Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱԺ աշխատակազմից, դատական համակարգից, դատախազությունից, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից և ՄԻՊ գրասենյակից։






