Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու մասին` նշելով, որ Շաքիի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է և գտնվում է պետական պահպանության ներքո։
Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
«Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն»։
Արարողության վերաբերյալ ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ անհրաժեշտ իրավական ընթացք տալու նպատակով։
Նախարարությունը դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով հետևել բնապահպանական օրենսդրությանը և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել Հայաստանի բնական արժեքները»,–ասվում է մեկնաբանության մեջ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեռ փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող՝ բնության ջրաերկրաբանական հուշարձան Շաքիի ջրվեժում երեխայի սեռի մասին հայտնող միջոցառման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։






