AM
6 Հոկտեմբեր 2025 - 09:35 AMT

Ասրյան․ Ողջունում և աջակցում ենք Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ` աջակցություն հայտնելով հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։

Ըստ նրա՝ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ոչ միայն ողջունելի է, այլև չափազանց կարևոր ու անհրաժեշտ երկրի համար։

«Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական խնդիրների ձևակերպումներն ու նրա լուծման տարբերակներն իր մեջ պարունակող «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագիրն իր մեջ ընդգրկում է ինչպես Հայաստանի ներքին հաշտեցման, հանրային երկխոսության, թշնամանքի վերացման, հայկական աշխարհի միասնականության վերականգնման, այնպես էլ պատերազմի ռիսկերի չեզոքացման և իրական խաղաղության, իրական անվտանգային համակարգի ստեղծման, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման, դաշնակցային հարաբերությունների վերականգնման կոնկրետ ուղղություններ և գործողություններ։

Պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը ողջունում է Գագիկ Ծառուկյանի՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և պատրաստակամություն հայտնում մասնակցել ծրագրի ամբողջական իրականացման գործընթացին»,–ասվում է հայտարարության մեջ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Դա լինելու է «առաջարկ Հայաստանին»։ Բոլոր կուսակցություններն իրենց վաղեմության ժամկետը, վստահությունը չկա, էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա»,–ասել է նա։