Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է, որ նոյեմբեր ամսին մայրաքաղաքում ակնկալվում է օդի աղտոտվածության հետ կապված խնդիր։ Նա հավելել է, որ այս տեսակի խնդիրները հիմնականում ի հայտ են գալիս ձմռան ամիսներին։
«Կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի, կահավորումների և այլ տեսակների հետ կապված պահանջները, ու արդյունքում լինում է աղտոտում, խստորեն պատժվելու են։ Պատժվելու են այն պահին, երբ գան շինթույլտվության երկարաձգման, իսկ բոլորն այդ փուլին հասնում են», – շարունակել է Ավինյանը, գրում է Sputnik Արմենիան։
Քաղաքաշինության և հողի վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը տեղեկացրել է, որ շինհրապարակներում կիրառվող նորմերի խախտման դեպքերով կազմվել է 127 արձանագրություն։
Մայրաքաղաքի բնապահպանության վարչության ժամանակավոր պետ Սիրարփի Հայկազյանը նշել է, որ շինհրապարակներում տեղադրված 175 սարքերի տվյալներով օգոստոսի և սեպտեմբերի ամիսներին արձանագրվել է օդի լավ կամ միջին որակ։ Ավինյանը արձագանքել է՝ ընդգծելով, որ «իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Երևանում ամռանն ու աշնանը օդի որակը չափազանց վատն է»։
Սակայն, ի հակադրություն քաղաքային ղեկավարության այս դիրքորոշման, բնապահպանական վիճակագրություն ներկայացնող պետական մի այլ մարմնի՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալները մատնանշում են այլ պատկեր։ Կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված գծագրերը և տեղեկությունները վկայում են, որ ինչպես օգոստոսին, այնպես էլ սեպտեմբերին մթնոլորտում փոշու և ազոտի երկօքսիդի մակարդակները գերազանցել են սահմանված թույլատրելի չափանիշները։ Աղտոտվածությամբ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում։






