AM
6 Հոկտեմբեր 2025 - 11:50 AMT

Սեդրակ Քոչարյանը դատի է տվել ՀՀ–ին՝ պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ներկայացված Գլխավոր դատախազության։ Հայցով նա պահանջում է ճանաչել, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածի իրավունքը և տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 2 միլիոն դրամի չափով։

Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ նմանատիպ հայցեր հայկական դատական պրակտիկայում հազվադեպ են ներկայացվում՝ չնայած խախտումների տարածված լինելուն, հայտնում է «Հետքը»։

«Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, և գործը գտնվում է դատարանում: Սեդրակ Քոչարյանն ի սկզբանե պնդել է, որ այդ գործողությունները չի կատարել: Այն ընթացքում, երբ գործը նախաքննական մարմնից ուղարկվել է դատարան՝ քննության համար, դատախազը, որը այս գործով մեղադրողն է դատարանում, իսկ նախաքննության ժամանակ հսկող դատախազն էր, հարցազրույց է տվել Հայաստանի առաջին հեռուստաալիքին, և որպես հաստատված հանգամանք պնդել է, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները: Ոչ թե ասել է՝ մենք իրեն մեղադրում ենք այսինչ կամ այնինչ բանում, այլ հաստատված փաստ ներկայացրել է այն, ինչի վերաբերյալ դեռ դատավարություն պիտի ընթանա, դեռ դատարանը պիտի դատավճիռ կայացնի՝ արդարացման կամ մեղադրական», – ասել է Հայկ Ալումյանը։

Սեդրակ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքները վերաբերում են նրան, որ լինելով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և կարողանալով ազդել ընկերության գործադիր տնօրենի որոշումների վրա՝ օժանդակել է իր հետ կապ ունեցող անձ՝ Սերժ Սարգսյանին, խախտելով օրենքով սահմանված արգելքները՝ մասնակցել ձեռնարկատիրական գործունեության և ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը նաև փորձել է օրինականացնել այդ կաշառքի արդյունքում ստացված գույքը՝ բանկային փոխանցումների, տնօրինման և այդ միջոցներով գույք ձեռք բերելու միջոցով՝ թաքցնելու գույքի հանցավոր ծագումը։

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսան Որսկանյանին։ Դատական քննությունը մեկնարկել է 2025 թվականի հունիսի 6-ին։

Փաստաբանի խոսքով՝ դատախազի հրապարակային հայտարարությունը, որով Սեդրակ Քոչարյանին վերագրվել է իբր արդեն հաստատված արարք, անմեղության կանխավարկածի խախտման դասական օրինակ է։ Ալումյանը ընդգծել է, որ դատական համակարգը պետք է հաշվի առնի այս հանգամանքը և կայացնի համարժեք որոշում։

Նա պարզաբանել է նաև, թե ինչու է հայցադիմումում նշված հենց Դատախազությունը։ Ալումյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն այս դեպքում հանդես է եկել որպես պատասխանող, իսկ խախտումն իրականացվել է դատախազության միջոցով։

Խոսելով նման խախտումների տարածվածության մասին՝ Ալումյանը նշել է, որ հաճախ հենց տուժածներն են ցուցաբերում անտարբերություն՝ չդիմելով դատարան՝ պաշտպանելու իրենց իրավունքները։

«Եթե իրենք հետևողական լինեն, պահանջեն, որպեսզի խախտման յուրաքանչյուր դեպքով կամ գոնե տասից մեկը դիմեր դատարան, որպեսզի իրենց անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչվեր և Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան փոխհատուցում տրամադրվեր, վաղուց այս երևույթը չէր լինի: Ես միայն մեկ հայց գիտեմ այդպիսի, որ մարդը հետևողական դիմեց դատարան և գործը շահեց: Իրավունքի պաշտպանությունը չպետք է պասիվ լինի, եթե նույնիսկ քեզ մեղադրում են, քո իրավունքները խախտում են, դու էլ պիտի խախտողին մեղադրես», – ասում է Հայկ Ալումյանը։

Հայցը ներկայացվել է 2025 թվականի հոկտեմբերի 3-ին և մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին։ Ներկայումս դեռևս որոշում չի կայացվել հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։