AM
6 Հոկտեմբեր 2025 - 12:21 AMT

Արծվիկ Մինասյան. «Հայաստան» խմբակցության ակնկալիքն է, որ իմպիչմենտի գործընթացը լինի արագ և ողջամիտ ժամկետում

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ «Հայաստան» խմբակցության ակնկալիքն այն է, որ իմպիչմենտի գործընթացն արագ է լինելու և ողջամիտ ժամկետում։ Նա ընդգծել է, որ հույս ունեն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերները մոտ ժամանակում կձեռնարկեն գործընթացի մեկնարկը։

«Տևական ժամանակ մեր գործընկերները հայտարարում էին, որ անհրաժեշտ աշխատանք է տարվել և կան նաև ՔՊ-ականներ, որոնք կմիանան իմպիչմենտին ուստի անհրաժեշտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական հանդես գա։ Մենք 3 ամիս առաջ էլ, հիմա էլ ասում ենք, որ այդ ստորագրությունները կան, և լսումների ժամանակ նաև փոխանցվեցին «Պատիվ ունեմին», – նշել է Մինասյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը միակ տարբերակը չէ, որ օգտագործվում է իրենց կողմից։ Ըստ նրա՝ կան նաև այլ միջոցներ, որոնք ընդդիմությունն արդեն գործարկել է տարբեր շարժումների և գործողությունների ընթացքում։

«Ընդ որում՝ գործիքակազմերից մեկն էլ այլ կառույցների նկատմամբ հանրային ճնշման միջոցով ստիպելն է, որպեսզի այդ մարմինները գործողություններ ձեռնարկեն, խոսքը գնում է թե գլխավոր դատախազի, թե կառավարության անդամների մասին,, որոնք լիազորված են նաև Նիկոլ Փաշինյանի անգործությունը կամ անկարողությունը փաստելու, այնուհետև նրա լիազորությունները կասեցնելու միջոցով, քրեական գործ հարուցելու, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Այսինքն, իրենք նախաձեռնեն այդ փոփոխությունը և պաշտոնանկ անեն Փաշինյանին»,–ասել է նա։

Մինասյանը նշել է, որ նման գործողությունների համար անհրաժեշտ է լայն ներգրավվածություն՝ հանրային, քաղաքացիական և քաղաքական, որպեսզի այն ազդի իշխանությունների վրա՝ ստիպելով դիմել փոփոխությունների։

Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների վրա՝ նշելով, որ իշխանությունները օրեցօր խստացնում են վերահսկողությունն ու քաղաքական հետապնդումները։

«Բայց մենք տեսնում ենք, որ բռնաճնշումները մարդկանց վրա օր օրի սաստկանում են, մի կողմից Փաշինյանը հայտարարում է՝ թող դուրս գան՝ հեղափոխություն անեն, մյուս կողմից թեթև քաղաքացիական անհնազանդությունը վերածվում է բռնաճնշումների։ Եթե որևէ անձ չի կիսում այս իշխանության հայացքները՝ նրա նկատմամբ սկսվում քրեական հետապնդում։ որքան էլ խոսեն՝ գոյություն ունի ընդդիմության նկատմամբ պետական ահաբեկչության առերևույթ դրսևորման դեպքեր», – եզրափակել է Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը: