Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։
«Այս տարվա մրցանակակիրները հայտնաբերել են, թե ինչպես է վերահսկվում իմունային համակարգի աշխատանքը։ Մարմնի հզոր իմունային համակարգը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում այն կարող է հարձակվել մեր իսկ օրգանների վրա»,- ասվում է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է Արմենպրեսը։
Բրունկոուն, Ռամսդելը և Սակագուչին մրցանակը ստացել են իմունային համակարգի կողմից մարմնին վնասելը կանխող պերիֆերիկ իմունային հանդուրժողականության հետ կապված նորարարական հայտնագործությունների համար։ Դափնեկիրները նույնականացրել են իմունային համակարգի «անվտանգության պահապաններին»՝ կարգավորող T բջիջները, որոնք կանխում են իմունային բջիջների հարձակումը մարմնի վրա։
Գիտնականների հայտնագործությունները սկիզբ են դրել պերիֆերիկ հանդուրժողականության ոլորտի զարգացմանը՝ խթանելով քաղցկեղի և աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակումը, որոնցից մի քանիսն այժմ կլինիկական փորձարկումների փուլում են։
Նոբելյան մրցանակի հանձնաժողովը նշել է, որ սա կարող է հանգեցնել նաև ավելի հաջող փոխպատվաստանյութերի մշակմանը։
Մրցանակը, որը կազմում է 11 մլն շվեդական կրոն (ավելի քան 1 մլն դոլար), հավասարապես կբաշխվի դափնեկիրների միջև։
Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է Նոբելյան հիմնադրամի կողմից։






