Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և տուգանվել։ Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարությունը։
ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։
Ավելի վաղ հաղորդվել էր բնության ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս։
Քաղաքացի Ա.Օ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։
Համապատասխան հոդվածով նախատեսվում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Մինչ այդ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու մասին` նշելով, որ Շաքիի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է և գտնվում է պետական պահպանության ներքո։
Իսկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ «գենդեր փարթի» էր կազմակերպել Շաքիի ջրվեժում, որի շրջանակում ջրին խառնել էին համապատասխան նյութ՝ վարդագույն դարձնելու նպատակով։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։






