Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4-ին պաշտոնապես իրազեկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որ հաստատությունում մեկնարկել է անժամկետ գործադուլ և դասադուլ։
Նախաձեռնող խմբի այտարարության մեջ ասվում է․ «2025 թ. մարտ-ապրիլից Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մասին Դուք տեղյակ եք, ուստի և անիմաստ ենք համարում կրկին այդ ամենը ներկայացնելը։
Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից կրթօջախում շարունակում է լարված իրավիճակը, քանզի մեր դիրքորոշումը՝ ստեղծված կացության վերաբերյալ, չի փոխվել, իսկ նախարարությունը չտեսնելու և չլսելու է տալիս այդ ամենը։
Ավելին՝ հարուցված է քաղաքացիական գործ՝ ՎԴ/4825/05/25, տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում արդեն իսկ բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել՝ Արաքսիա Սվաջյանի գլխավորած հավաստագրման հանձնաժողովի կողմից թույլ տված ապօրինությունների, փաստաթղթերի կեղծման ու աղավաղման մասին։
Այս պատմության մեջ մեզ զարմացնում է հատկապես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անտարբերությունը՝ կարծեք ոչինչ տեղի չի ունեցել ու տեղի չի ունենում, կարծեք միևնույն է նրա համար, թե ինչ է կատարվում Գորիսի 100-ամյա քոլեջում»։
Ըստ հայտարարության՝ քոլեջի կոլեկտիվը սեպտեմբերի 29-ին, 57 ստորագրությամբ դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին՝ առաջարկելով խնդրի կարգավորման ժամանակավոր լուծում՝ հիմնվելով նաև այն հանգամանքի վրա, որ քաղաքացիական գործով կիրառվել է հայցի ապահովման միջոց։
Բողոքող կողմը պնդել է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը խուսափել է թե՛ իրականության ընդունումից, թե՛ իրենց առաջարկության քննարկումից՝ փոխարենը քայլեր ձեռնարկելով՝ դրանով իսկ սրելով իրավիճակը։
«Տեսնում ենք նաև՝ նախարարը քայլեր է ձեռնարկում իրավիճակին առավել սրություն հաղորդելու համար։ Ավելի ենք համոզվում՝ նախարարությունը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր՝ պետության հաշվին, կրթական հաստատության հաշվին, ուսանողների հաշվին։
Ավելի ենք համոզվում՝ տեղի ունեցողը հաշվեհարդար է ու վրեժխնդրություն՝ Կարեն Լազարյանի դեմ։
Սպառված համարվելով մեր իրավունքները և հարյուրավոր ուսանողների շահերը պաշտպանելու միջոցները, ստիպված ենք դիմել գործադուլի, որի վերաբերյալ մեր մտադրությունն ենք հայտնում Ձեզ։
Գործադուլը կմեկնարկի րոպեներ հետո այն պահից, երբ (առանց կոլեկտիվի հետ համաձայնության գալու և քննարկելու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։
Մեր պահանջը հետևեյալն է՝
- չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին,
- տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժի մեջ մտնելը,
- տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշված դատավարության ավարտումն ու տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարումը և նոր տնօրենի ընտրությունը) նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանի (մեր այդ առաջարկության հիմնավորումը ներկայացրել ենք կոլեկտիվի ս.թ. սեպտեմբերի 29-ի դիմումի մեջ),
- Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։
Վերոնշյալ այդ պահանջներով էլ կսկսենք գործադուլն այն պահից (ինչպես նշեցինք), երբ (առանց մեր կոլեկտիվի հետ համաձայնության գալու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։
Եվ կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել»։
Հայտարարության վերջում նշվել է նաև, որ հոկտեմբերի 6-ին ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է տնօրենի նշանակման մասին՝ առանց Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվի տեսակետը հաշվի առնելու։ Հետևաբար, աշխատակիցները հայտարարել են գործադուլի մեկնարկը՝ նշված պահանջները առաջ քաշելով։






