Անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար»,–գրել է նա։
Քննչական կոմիտեից հաստատել են նրանց ձերբակալման փաստը և հավելել, որ նրանց նկատմամբհարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 2 հոդվածով, հայտնում է Panorama.am-ը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)», հայտնել են ՔԿ–ից։
Անհետ կորածների և զոհվածների հարազատներն այսօր ևս՝ հոկտեմբերի 6–ին, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է Sputnik Արմենիան։
Ծնողներն ասել են, որ գնալու են Աջափնյակի դատարան, որտեղ քննվելու է ձերբակալվածների կալանքի հարցը։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 27-ին ՊՆ մոտ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ՊՆ–ի մոտ սեպտեմբերի 29–ին ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից։






