«Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը ներկայում շարունակում է գտնվել անազատության մեջ ԱՄՆ-ում, իսկ նրա փաստաբանական խումբն արդեն սկսել է գործընթաց՝ նպատակ ունենալով փոխել նրա խափանման միջոցը, հայտնում է «Ազատությունը»։
Անցած շաբաթ Լաս Վեգասի դատարանը մերժել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Ղուկասյանին արտահանձնելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ նրան չեն արտահանձնի Հայաստան, սակայն Միացյալ Նահանգներում մնալ ևս չի կարող, քանի որ, ըստ նույն դատական որոշման, նա խախտել է երկրի միգրացիոն կանոնները։
«Դատարանը որոշել է, որ Վարդան Ղուկասյանը պետք է արտաքսվի 3-րդ երկիր, այսինքն՝ պետք է լքի ԱՄՆ սահմանները», – ասել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Փաստաբանական խումբը պատրաստվում է բողոքարկել ԱՄՆ-ից արտաքսման որոշումը։
Բողոքարկման գործընթացից բացի, պաշտպանական կողմը փորձում է հասնել նաև նրան, որ Վարդան Ղուկասյանը ազատ արձակվի։
«Վարդան Ղուկասյանն այսօր գտնվում է վարչական կալանքի տակ, այո, գտնվում է անատության մեջ, կարևորում ենք, որպեսզի վերջինիս խափանման ծայրահեղ միջոց կալանքը անմիջապես փոխվի», – նշել է փաստաբանը։
Դատական ակտի բողոքարկումը, որն ըստ փաստաբանի կարող է բավական երկարատև լինել, թույլ է տալիս Վարդան Ղուկասյանին շարունակել մնալ Միացյալ Նահանգներում, սակայն վճռորոշ է, թե նա կլինի ազատության մեջ, թե կմնա մեկուսարանում։
Փաստաբանը հայտնել է, որ արդեն իսկ մի շարք պետություններ առաջարկել են հյուրընկալել Վարդան Ղուկասյանին՝ որպես երրորդ երկիր, որտեղ նրան կարող են ուղարկել ԱՄՆ-ից արտաքսման դեպքում։
«Մի շարք երկրներից՝ ինչպես Եվրոպայից, այնպես էլ Ասիայից, իրենց մաքսիմալ վերաբերմունք են արտահայտել իրավական, որ նա իր ուրույն տեղն ու դերն է ունենալու իրենց երկրում… Եթե նման առաջարկ կա, դրա կրողը պետությունն է, պետական լիազոր մարմինն է», – հավելել է Վարդան Ղուկասյանի փաստաբանը։
ԴՕԿ կուսակցության առաջնորդը ձերբակալվել է այս տարվա սկզբին՝ ԱՄՆ միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեղադրանքով։






