AM
6 Հոկտեմբեր 2025 - 14:50 AMT

Մանավազյան. ՔՊ-ն էտալոնային թափանցիկություն ապահովող միակ կուսակցությունն է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը, որտեղ նշված էր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում չի երևում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։

Մանավազյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում էտալոնային թափանցիկություն ապահովող միակ կուսակցությունն է, հայտնում է Արմենպրեսը։

«Կարևոր է հասկանալ հետևյալը՝ կուսակցությունը որևէ պարտականություն կամ առնչություն չունի և չի կարող ունենալ ԿԿՀ կայքի հրապարակումների հետ։ Կուսակցությունը ունի պարտավորություն ամեն տարի մինչև մայիսի 31-ը տարեկան ֆինանսական միջոցների մասին հայտարարագիրը հրապարակել azdarar.am կայքում, ինչը և մենք պարտաճանաչ կերպով արել ենք թե՛ 2022, թե՛ 2023 թվականների համար, և դա յուրաքանչյուր բարեխիղճ լրագրող կարող է ստուգել՝ ուղղակի այցելելով կայք, իսկ արդեն 2024 թվականին, օրենքի փոփոխությունից սկսած, հաշվետվությունները հրապարակվում են ԿԿՀ կայքում։ 2024 թվականին նախորդած հաշվետվությունների հրապարակումը ԿԿՀ կայքում ոչ թե որևէ կուսակցության պարտավորությունն է եղել, այլ ԿԿՀ-ի կողմից կամավոր արվող գործընթաց է, որի նպատակը արդեն իսկ azdarar.am-ում հրապարակված հայտարարագրերը մեկտեղելն է»,–ասել է նա։

Հարցին, թե ինչու է ՔՊ-ի 2023 թվականի հաշվետվությունը բացակայում ԿԿՀ կայքում, մինչդեռ այլ կուսակցությունների հաշվետվություններ կան, Մանավազյանը պարզաբանել է․ «ԿԿՀ կայքում հրապարակման մասին պահանջը ուժի մեջ է մտել այս տարի, և դա կատարելու պարտականությունը ԿԿՀ-ին է վերապահված՝ աուդիտի համապատասխան եզրակացությունը ստանալուց եռօրյա ժամկետում»։

Նա շեշտել է նաև կուսակցության հետևողականությունը թափանցիկության ապահովման հարցում։

«Եվ թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ կուսակցությունն է Հայաստանում, որ որդեգրել է բացառիկ թափանցիկության քաղաքականություն թե՛ ֆինանսների, թե՛ ներկուսակցական ընտրությունների մասով։ Օրինակ, կարող եք ուսումնասիրել ՀՅԴ-ի 2024-ի տարեկան հայտարարագիրը, եթե հավատանք այդ հայտարարագրին, ապա կուսակցությունը մեկ ամբողջ տարվա ընթացքում ստացել է ընդամենը 1 նվիրատվություն, այն էլ 2 միլիոն դրամից պակաս, էլ չեմ խոսում ներկուսակցական ընտրությունների մասին։ Մի կողմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի ընտրությունների առաջինից վերջին վայրկյանն ուղիղ եթերով հեռարձակվում է, մյուս կողմում՝ փակ դռների հետևում չգիտեմ թե ինչ սկզբունքների, արժեքների հիման վրա չակերտավոր ընտրություններ անող Դաշնակցությունն ու Հանրապետականը։ Թափանցիկությունը մեր հիմնարար արժեքներից մեկն է, և մենք ոչ միայն դրա առաջամարտիկն ենք մեր մասով, այլև նույնը պահանջում ենք մյուս կուսակցություններից»,–ասել է պատգամավորը։