AM
6 Հոկտեմբեր 2025 - 14:58 AMT

Աշոտյան․ ՔՊ-ականներին չէր խանգարի ուսումնասիրել Եվրոպայի փորձը՝ կառավարության ղեկավարին անվստահության հարցում

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդես է եկել գրառմամբ`նշելով, որ քաղաքական մինի-մենամարտերում ընդդիմության ներկայացուցիչները մի քանի գլուխ բարձր էին ու համոզիչ։

Նա նշել է, որ ՔՊ-ականներին չէր խանգարի ուսումնասիրել եվրոպական փորձը՝ կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցում։

«Ուշադիր հետևում էի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեր հեղինակած հայտարարության քննարկումներին: Ուզում եմ նախ ասել, որ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը եւ Տիգրան Աբրահամյանը բարձր որակի քաղաքական կեցվածք եւ խոսք ցուցադրեցին։

Շնորհակալ եմ նաեւ «Հայաստան» դաշինքի ներկա պատգամավորներին իրենց ակտիվ եւ բովանդակային ներգրավման համար։

ՔՊ-ական դեմագոգիկ դատարկախոսությանն ու ճարպկալեզվությանը հակադրվեց հիմնավոր և ծանրակշիռ փաստարկների հեղեղ, իսկ քաղաքական մինի-մենամարտերում ընդդիմության ներկայացուցիչները մի քանի գլուխ բարձր էին ու համոզիչ», գրել է նա։

Աշոտյանն ընդգծել է, որ եվրոպական փորձն ուսանելի օրինակ կարող է լինել իշխանությունների համար։

«Զուգահեռ ընթերցելով միջազգային մամուլը՝ հանդիպեցի մի լուրի, ըստ որի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին Եվրոպական խորհրդարանում այսօր անվստահություն հայտնելու նախաձեռնություն է քննարկվելու, որին կարող են միանալ նաեւ իշխող ԵԺԿ խմբակցության պատգամավորներ։

«Դեպի Եվրոպա» ճանապարհ հռչակած քպական մանդատավոր քոչվորներին չէր խանգարի ուսումնասիրել հենց եվրոպական փորձը՝ կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցում»։

Աշոտյանը նաև զգուշացրել է որոշ ընդդիմադիր շրջանակների՝ ակնարկելով ներքաղաքական իրականության լրջությունը։

«Ինչպես ասում են՝ Never say never: Ի դեպ սա վերաբերում է նաև ընդդիմադիր դիրքավորված որոշ շրջանակներին։

Նիկոլը և իր կառավարումը աղետ է, և այս փաստը քվեարկությամբ չէ, որ պիտի արձանագրվի։ Չէ՞ որ հայտնաբերված ռակը ռակ է՝ անկախ նրանից, թե հիվանդատերը կքվեարկի ախտորոշման օգտին թե ոչ»,–գրել է Աշոտյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը: