ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը և Անիի համայնքապետարանն անդրադարձել են Սոֆիայի օդանավակայանում հայկական պատվիրակության հետ տեղի ունեցած միջադեպին։
Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ պատվիրակությանը ենթարկել են նվաստացուցիչ զննության։
Հ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ տեղի ունեցածը «չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ» և որ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և, տեղեկանալով միջադեպի մասին, քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար, հայտնում է Արմենպրեսը։
«Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ, օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր»,- հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։
Իր հերթին՝ Անիի համայնքապետարանը հայտնել է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց հոկտեմբերի 1-4-ը Բուլղարիայում գտնվելու ընթացքում Անի համայնքի պատվիրակության մասնակցությամբ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ այդ լուրերը հղվում են բուլղարական աղբյուրներին։
Անիի համայնքապետարանը հավելել է, որ «սույն թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն։ Նշվում է, որ ատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական»։
Ըստ համայնքապետարանի, միջադեպից հետո անեցի պատվիրակներին Սոֆիայի օդանավակայանում դիմավորել են Նովի Պազարի փոխքաղաքապետն ու մի շարք այլ պաշտոնյաներ։ Հաջորդաբար, Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով Բուլղարիա այցելած Անիի համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, արժանացել է ջերմ ընդունելության։ Քառօրյա պաշտոնական այցն անցել է սրտաբաց և անկաշկանդ մթնոլորտում՝ հագեցած ու տպավորիչ օրակարգով։
Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ, հղում անելով բուլղարական մամուլին, գրել էին, որ հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների` նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։






