AM
7 Հոկտեմբեր 2025 - 06:36 AMT

ՀՎԿԱԿ-ը հերքում է․ 16-ամյա տղայի ծանր վիճակը պատվաստման հետևանք չէ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հերքել է շրջանառվող լուրը, թե պատվաստումից հետո 16-ամյա տղան ծանր վիճակով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց, ապա սանավիացիայով՝ Երևան։

«Լրատվամիջոցներով տարածվում է «Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղեփոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան» վերտառությամբ տեղեկատվություն:

Առողջապահության նախարարությունը նշված դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ 06.10.2025թ. պացիենտը շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնե, ապա սանավիացիայով՝ Երևան: Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:

Պացիենտի վիճակը ծանր է, գիտակցությունը պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ:

Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից պացիենտի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել:

Միաժամանակ, հարկ է նշել, որ մինչ այս պացիենտը ստացել է իր տարիքային բոլոր պատվաստումները և որևէ հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել: Վերջին պատվաստումը պնևմակոկային վարակի դեմ (PCV-13) ստացել է 30.09.2025թ.: Հարկ է նշել, որ PCV-13 պատվաստումից հետո հետպատվաստումային երևույթները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ: Ներարկման տեղում կարող է դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգռություն:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները պացիենտի լիարժեք բժշկական օգնության կազմակերպման և ախտորոշման հետագա հստակեցման նպատակով»,-ասվում է պարզաբանման մեջ։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 16-ամյա դեռահասի ծայրահեղ ծանր վիճակը կապելը պատվաստման հետ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է։

«Հրապարակումն իր մեջ ներառում է ապատեղեկատվություն, մանիպուլիացիա, հուզականություն և միայն մի նպատակ է հետապնդում` խարխլել մարդկանց մոտ հավատը պատվաստումների և ընդհանրապես պետության կողմից իրականացվող առողջապահական գործառույթների հանդեպ»,– գրել է Ավանեսյանը:

Նախարարը շեշտել է, որ մասնագիտական խումբը՝ դեպքը բազմակողմանիորեն ուսումնասիրելով, հանգել է այն եզրակացության, որ տվյալ անձի ախտորոշումը, ներկայիս բուժման ընթացքը, պատվաստման օրերի հերթականությունը և նախկինում ստացած պատվաստումների պատմությունը հետպատվաստումային բնույթի չեն։

«Եվ ի՞նչ օգուտ մեր հերքումներից. «տաք- տաք» հրապարակումն իր հուզախեղդ ապատեղեկատվական տեռորն արել է….Միակ փրկությունը մեր իրազեկվածությունն ու ճանաչողությունն է»,–հավելել է նա։