«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արձագանքել է վերջին շրջանում եկեղեցիների և հուշարձանների տարածքներում նկատված վանդալիզմի դեպքերին՝ կոչ անելով զերծ մնալ հուշարձաններին ու պատմական միջավայրին վնաս հասցնելու գործողություններից։
«Վերջին շրջանում մեր հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների տարածքում ցավալիորեն հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը: Վնասում կամ ոչնչացնում են հուշարձաններին վերաբերող տեղեկատվական վահանակները, եկեղեցիների պատերին փորագրելով կամ ներկելով թողնում անհասկանալի գրառումներ՝ խաթարելով հուշարձանի տեսքն ու վնաս հասցնելով հուշարձանին: Սրանք հուշարձանների տարածքում իրականացվող ապօրինություններ են, իրավախախտումներ, որոնք դատապարտելի են»,–ավում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանումների աշխատակիցները պարբերաբար այցելություններ են իրականացրել, մոնիտորինգ՝ ֆիքսելու նմանատիպ դեպքեր, ինչպես նաև բացատրական ու իրազեկման աշխատանքներ՝ կանխարգելման նպատակով։ Սակայն, ինչպես նշվում է, այդ ջանքերը միշտ չէ որ ցանկալի արդյունք են ապահովել։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձաններին ու պատմական միջավայրին վնաս հասցնելու գործողություններից: Դրանք հարիր չեն մեր մշակույթին ու ազգային արժեհամակարգին»,- ասված է հայտարարությունում:
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ «գենդեր փարթի» էր կազմակերպել Շաքիի ջրվեժում, որի շրջանակում ջրին խառնել էին համապատասխան նյութ՝ վարդագույն դարձնելու նպատակով։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և տուգանվել։






