AM
7 Հոկտեմբեր 2025 - 08:07 AMT

Օնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Նա միակ թեկնածուն էր և ընտրվել է միաձայն։

Օնիկ Ախվերդյանը նախընտրական ցուցակում հաջորդում էր Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյան Գրիգորյանին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Միասնություն» կուսակցությունների դաշինքում ներառված են «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր և «Ազգային առաջընթաց» խմբակցուցությունների անդամները չեն մասնակցել ավագանու նիստին։

Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հիշատակին։

Ախվերդյանը հայտարարել է, որ լիովին տիրապետում է համայնքին վերաբերող բոլոր խնդիրներին և պատրաստ է իր թիմի անունից կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են եղել Վալոդյա Գրիգորյանի ղեկավարությամբ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բացի թիմակից լինելուց՝ ես նաև Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ եղել, ցավում եմ եղածի համար, շնորհակալ եմ նրա ծնողներից, որ այս ազգին նման զավակ են պարգևել»,- ասել է նա։

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետևի հատվածում, դիմակավորված և ձեռնոցներով անհատը մոտեցել է այնտեղ կանգնած երեք անձանց, կրակահերթ արձակել և դիմել փախուստի։ Դեպքի հետևանքով զոհվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, ով հարձակման պահին ծառայողական պարտականություններ չի կատարել։ Եվս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը, վնասվածքներ է ստացել դեպքի վայրում։

Հանցագործության կատարման կասկածանքով սեպտեմբերի 26-ին կալանավորվել է Նարեկ Օհանյանը՝ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, ինչպես նաև այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։ Սեպտեմբերի 28-ին կալանավորվել է նաև Գևորգ Հարությունյանը, ով խոստովանել է, որ հենց ինքն է իրականացրել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։