Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը, որն արվել է սոցցանցերում հնչեցված մեղադրանքներին պատասխանելու նպատակով, չի դիտարկվում վարքագծի կանոնի խախտում, հայտնում է Factor.am-ը։
«Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել: Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել: Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին: Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»,-գրել էր Չախոյանը։
Պաշտոնյան հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում, ըստ որի՝ իր սոցիալական էջում հիմնականում տեղադրվում են քաղաքական բնույթի մեկնաբանություններ։ Նա նաև նշել է, որ տվյալ գրառմամբ արձագանքել է թե՛ սոցցանցերում, թե՛ «Հանրային հեռուստաընկերության եթերում իր հասցեին հնչեցրած ստերին»։
«․․․Գրառման բովանդակությունից պետք է պարզ լինի, որ Տ․ Չախոյանը նպատակ չունի «քար նետել» որևէ մեկի վրա, քանզի համարում է, որ իր մասին ստեր ձոնելով ոմանց չի հաջողվի արատավորել իր անձը՝ «մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել»,-նշվել է պարզաբանման մեջ:
Հանձնաժողովը վկայակոչել է Սահմանադրության մի շարք հոդվածներ և եզրակացրել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարագայում ապաքաղաքական վարքագիծ չդրսևորելը ռիսկեր չի պարունակում՝ հաշվի առնելով պաշտոնի բնույթը։ Ըստ այդմ, նշվել է, որ աշխատակազմի նպատակը կառավարության, վարչապետի և փոխվարչապետների աշխատանքին աջակցելն է։
«․․․Հանձնաժողովն արձանագրում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձինք միմիայն իրենց պաշտոնով պայմանավորված, չեն համարվում քաղաքական գործիչներ և այդպիսին կարող են համարվել ի պաշտոնե գործունեությունից զատ քաղաքական գործունեություն վարելու պարագայում։ ․․․Տ․ Չախոյանը, ըստ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության, անկուսակցական է։ Ըստ այդմ, հանձնաժողովը գտնում է, որ նա չի կարող համարվել քաղաքական գործիչ», -նշվում է հանձնաժողովի որոշման մեջ։
Միաժամանակ ԿԿՀ-ն նշել է, որ գրառման մեջ օգտագործված «ծակ դաշնակ», «կաղկանձ» և «շնագայլ» բառերը կարող են համարվել արհամարական և որոշ չափով վիրավորական։ Բայց ընդգծվել է, որ դրանցում բացակայում են խիստ անպատշաճ կամ գռեհիկ արտահայտություններ, որոնք կհամարվեին խիստ անձնական վիրավորանք։
Հանձնաժողովը նաև արձանագրել է, որ գրառումը մեծ տարածում չի գտել։ Այն ստացել է 2000 հավանում, որոնցից միայն 32-ն են դժգոհություն արտահայտել, իսկ մեկնաբանությունների մեծ մասը գրառմանը աջակցող բնույթի են։






