«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողներին ասել է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ, թեև իրավապահները հայտարարում են՝ բացահայտված է։
«Ենթադրյալ սպանություն կատարած անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չեն նշանակում հանցագործության բացահայտում։ Ակնհայտ է, որ եղել է կազմակերպված, պլանավորած սպանություն։ Բազմաթիվ հարցեր, մտահոգություններ կան, որոնցով պետք է զբաղվի իրավապահ համակարգը՝ ովքեր են աջակցել ապնությանը, կազմակերպել, հնարավոր է պատվիրատուներ լինել, կարող են նաև այլ անձինք տեղեկացված լինել սպանության մասին»,- ասել է Առաքելյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով, «Միասնություն» խմբակցությունը հանդիսանում է ավագանու մեծամասնություն, ու հենց այդ խմբակցությունն էլ ընտրել է համայնքի նոր ղեկավարին՝ Օնիկ Ախվերդյանին։
«Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա։ Իհարկե, մտահոգությունները բավականին մեծ են, նաև համայնքի բնակիչների շրջանում կապված Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ստեղծված իրավիճակով։ Ծանր է, իհարկե, Վալոդյա Գրիգորյանի բացակայությունից հետո աշխատել, բայց այն ծրագրեր, գաղափարները, որոնք ուներ Վալոդյա Գրիգորյանը, մեզ պարտավորեցնում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ»,- ասել է Առաքելյանը։
Հարցին՝ արդյոք երկու խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց», նիստերին չմասնակցելը կարող է հանգեցնել ճգնաժամի, Առաքելյանը պատասխանել է, որ նման խնդիր չի տեսնում։ Նա ընդգծել է, որ ավագանին ունի 21 անդամ, որոնցից 12-ը ներկայացնում են իրենց թիմը, և այդ թիվը բավարար է մեծամասնություն կազմելու համար։ Այսօրվա նիստն անցկացվել է հենց 12 անդամի մասնակցությամբ, իսկ նախորդ ամիսներին կազմակերպված բոյկոտ չի դիտարկվել։
Փարաքարի համայնքապետի ընտրությունից հետո, լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանն ասել է, որ միայն սպանությունը կատարողի բացահայտումը դեռևս չի նշանակում ամբողջական բացահայտում, հայտնում է Aysor.am-ը։
«Մենք մինչև վերջ գնալու ենք, յուրաքանչյուր ոք պատասախան է տալու այս ոճրագործության համար՝ իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով ու աջակցելով, իրենց երշախիքներ տրամադրելով։ Այսօր կլինի, թե վաղը՝ ժամանակը կապ չունի, որովհետև ընդհատել այնպիսի մարդու կյանքը, ինչպիսին Վալոդյա Գրիգորյանն էր․․․ Որևէ դեքպում չեն մարսելու»,-ասել է Թանդիլյանը՝ հավելելով, որ «Վալոդյայի գործը չի ավարտվել»։
Նա ընդգծել է, որ Գրիգորյանի հեղինակությունն ու թողած ժառանգությունն այնքան ուժեղ են, որ համայնքը շարունակելու է զարգանալ նրա անունով։
«Նրա հեղինակությունն այնպիսին է, որ Փարաքար համայնքը ծաղկելու է նաև նրա անվան ներքո»,-ասել է նա։
Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում, Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետևի հատվածում, դիմակավորված և ձեռնոցներով անհատը մոտեցել է այնտեղ կանգնած երեք անձանց, կրակահերթ արձակել և դիմել փախուստի։ Դեպքի հետևանքով զոհվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, ով հարձակման պահին ծառայողական պարտականություններ չի կատարել։ Եվս մեկ քաղաքացի՝ Արծրուն Գալստյանը, վնասվածքներ է ստացել դեպքի վայրում։
Հանցագործության կատարման կասկածանքով սեպտեմբերի 26-ին կալանավորվել է Նարեկ Օհանյանը՝ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, ինչպես նաև այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը։ Սեպտեմբերի 28-ին կալանավորվել է նաև Գևորգ Հարությունյանը, ով խոստովանել է, որ հենց ինքն է իրականացրել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։






