ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում, անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրին, նշել է, որ ՀՀ–ն ոչնինչ չի ստացել այդ փաստաթղթով, իսկ վարչապետ «Նիկոլ Փաշինյանն այնտեղ եղել է դեկորացիայի դերում»։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանում փաստացի վերհսկողության հնարավորություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Նոբելյան մրցանակի ներկայացում, գրում է «Փաստինֆոն»։
Քոչարյանը հավելել է, որ Ադրբեջանը ստացել է միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907-րդ բանաձևի չեղարկում։
«Ինչ է ստացել Հայաստանը, այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, զրո, միայն պրոբլեմներ։ Ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը, ստացել է մեկ նկար՝ Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում եղել է դեկորացիայի դերում. այնտեղ կար սեղան, աթոռ, նկար, դրոշ և կար Փաշինյան»,- ասել է Քոչարյանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ռաջնորդ






