AM
7 Հոկտեմբեր 2025 - 09:46 AMT

Քոչարյան․ ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է փաստաթուղթ չեղարկել՝ պետք է մեր շահերն էլ ներառենք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսիս ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե ՀՀ և տարածաշրջանի համար «խաղաղությունը եկել է», ասել է, որ այս խաղաղությունը մեծապես կախված է 1 մարդու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տրամադրությունից, որովհետև այդ փաստաթղթերում և որևէ տեղ չկան երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է լինում։

«Ամբողջ այս հռչակված խաղաղությունը կախված է մեկ մարդու խղճից, այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր վատ բան կատարվեր, կարող է մի օր ասել, որ այ խառնաշփոթ աշխարհում այս հարցը՝ Զանգեզուրի հարցը ևս լուծել։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելի մեխանիզմներ»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ ոչ ոք դեմ չէ խաղաղությանը, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման, ոչ թե վկա կլինեն։

«Միացյալ Նահանգների կողմից որևէ երաշխավոր չկա, դրա համար ուղղակի սա մի հնարք է հերթական անգամ մարդկանց խաբելու։ Անգլիական մի ասդածվացք կա՝ եթե մեկը խաբել է քեզ մի անգամ, ամոթ այդ մարդուն, եթե քեզ խաբեց երկրորդ անգամ՝ ամոթ քեզ։ Ես չգիտեմ քանի անգամ է կարելի խաբել հայ ժողովրդի մեծ մասին։ Սա հերթական փորձն է»,- ասել է Քոչարյանը։

Այն հարցին, թե իրենք լինեն իշխանության, կչեղարկե՞ն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, նա պատասխանել է․ «ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել փաստաթուղթ եւ հետո մեկ կամ վեց ամիս հետո չեղարկել, դա բավական դժվար է։ Պետք է պրոյեկտը մեծացնել, ցույց տալ ԱՄՆ հետաքրքրություն ավելի մեծ պրոյեկտի մեջ, որտեղ ներառված են նաև մեր շահերը», հայտնում է «Առավոտը»։

Նա ասել է նաև, որ եղածի համեմատ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «երազանքի փաստաթուղթ կարելի է համարել»։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այս ամենի հետ, նաև երազանքի փաստաթուղթ կարելի է համարել։ Այդ փաստաթուղթը ենթադրում է նաև Արցախի գոյությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ռաջնորդ