AM
7 Հոկտեմբեր 2025 - 10:38 AMT

Քոչարյան․ Իշխանությունը փորձելու է Մոլդովայի օրինակը կիրառել ՀՀ–ում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կփորձեն կրկնել Մոլդովայի ընտրական պրակտիկան՝ կիրառելով այնտեղ օգտագործված հակաժողովրդավարական մեթոդները մեր երկրում։ Նա այդ մասին խոսել է լրագրողների հետ հանդիպմանը։

Հարցը վերաբերում էր Մոլդովայում անցկացված ընտրություններին, երբ նախընտրական շրջանում և հենց ընտրությունների օրը ընդդիմադիր ուժերը հեռացվել են ընտրապայքարից։ Քոչարյանից հետաքրքրվել են՝ արդյոք նման իրավիճակ կարող է զարգանալ Հայաստանի խորհրդարանական առաջիկա ընտրությունների ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Չեմ կասկածում, որ ՀՀ իշխանությունը փորձելու է Մոլդովայի այդ օրինակը կիրառել նաև ՀՀ–ում։ Այն հանգամանքը, որ երբ բախվում են աշխարհաքաղաքական շահերը, ժողովրդավարության մասին բոլորը մոռանում են, սա փաստ է։ Մոլդովայում ապրող ժողովրդի քվեներով ընդդիմությունը հաղթել է։ Մոլդովայում իշխանությունը հաղթել է Եվրոպայում ժամանակավոր բնակվող մոլդովացիների հաշվին։ Հիմա մենք մեր երկրում դրսի քվեարկություն չունենք։ Եթե դա լիներ, ապա մենք այլ` հակառակ պատկեր կունենանք»,– հայտարարել է նա։

Քոչարյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է պատրաստ լինել նմանատիպ քայլերի՝ նկատի ունենալով, որ Հայաստանի իշխանությունները կարող են փորձել կիրառել նույնատիպ ընտրական մեխանիզմներ։

«Կարծում եմ կփորձեն ինչ–որ բան անել։ Թե ինչ խորությամբ, դեռ չգիտեմ։ ՔՊ–ն պետք է հասկանա, որ նման քայլերը բերելու են հեղափոխության։ Եթե այդ հեղափոխության վտանգը երկրում կախված լինի, ոչ մեկը չի համարձակվելու խախտումներ անել։ Ձայների գողությունը բերելու է հեղափոխության, սա իշխանությունը պետք է հասկանան։ Այսինքն, պետք է լինի այնքան թեժ պայքար, որ այդ սպառնալիքը ստիպի իշխանությանը չափի մեջ լինել իշխանական ռեսուրսը կիրառելու հարցում»,– եզրափակել է ՀՀ 2–րդ նախագահը։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։