AM
7 Հոկտեմբեր 2025 - 10:58 AMT

Քոչարյան. «Պրիվետ Ռոբ»-ը ես չեմ էլ լսել` մայրս էլ է ինձ Ռոբ ասում, ընկերներս էլ, ինչու պիտի նեղանայի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2001 թվականին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործին՝ արձագանքելով «Պրիվետ Ռոբ» արտահայտության շուրջ շրջանառվող խոսակցություններին։

«Պրիվետ Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել, մայրս էլ է ինձ Ռոբ ասել միշտ, տիկին Բելլան ինձ տանը Ռոբ է ասում, մանկական ընկերներս՝ ևս, ինչո՞ ւ պիտի նեղանամ»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Քոչարյանը նշել է, որ քրեական գործում էլ է առկա, որ դեպքի ժամանակ ինքը սրճարանում չի եղել, ինքը տանն է եղել, դեպքը եղել է սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, ինչը քրեական գործում էլ կա՝ այլևս այդ սրճարանը պահպանվող օբյեկտ չէր, ինքը դեպքի մասին առավոտյան է իմացել։

Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ Շառլ Ազնավուրի այցն էր Հայաստան, շատ լավ ժամանակ են անցկացրել։ Իրեն հաջորդ օրը զեկուցել են, որ գինովցած ժամանակ միջադեպ է եղել թիկնազորի անդամներից մեկի հետ։

2001–ին Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանը «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնելիս դիմել էր՝ «պրիվետ Ռոբ», որից հետո Քոչարյանի թիկնապահները նրան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան:

Ըստ մեղադրական եզրակացության, Պողոս Պողոսյանի և Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակից՝ «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի միջև ծագած քաշքշուկի արդյունքում Պողոս Պողոսյանը մահացել է: Աղամալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 103 հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է: Գործը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նա դատապարտել էր Հարությունյանին երկու տարվա պայմանական ազատազրկման: