AM
7 Հոկտեմբեր 2025 - 11:10 AMT

Վարչապետի խոսնակ. «Զանգեզուրի միջանցք» խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառմանը, ասել է, որ տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին, հայտնում է Արմենպրեսը։

Բաղդասարյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյո՞ք Կոպենհագենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում այդ թեման քննարկվել է։

«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։

Հարցը, այո, քննարկվել է Կոպենհագենի հանդիպման ընթացքում, և մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում»,–ասել է խոսնակը։

Ալիևը Գաբալայում հայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունք է դարձել «Զանգեզուրի միջանցքի բացումը»։ Ալիևի այս հայտարարությունը հնչել է ՀՀ վարչապետի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումից և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից»։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Փաշինյանն ընդգծել էր, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։