Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքն իրազեկ չէ «Թրամփի ուղի» (TRIPP) տրանսպորտային նախագծի համար ԱՄՆ-ի կողմից խոստացված 145 միլիոն դոլարի առաջին տրանշի փոխանցման հստակ ժամկետներին ու պայմաններին՝ ընդգծելով, որ գումարը դեռ չի փոխանցվել, հայտնում է ՍիվիլՆեթ–ը։
Նա շեշտել է, թե անձամբ չի ներգրավված բանակցային գործընթացում, սակայն հաստատել է, որ խոսքը ենթակառուցվածքների և անցակետերի կառուցման համար նախատեսված գումարի մասին է։
«Ես տեղյակ եմ, որ այդ գումարը, որի մասին խոսվում է, առաջին փուլի գումարն է։ Այդ գումարը դեռ չի տրամադրվել», – ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ մնացած բոլոր մանրամասները դեռևս քննարկման փուլում են։
Երբ լրագրողը հարցրել է, թե Հայաստանի կողմից նախագծում ինչ չափով ներդրում է նախատեսվում, նախարարը պատասխանել է. «Ես նման տեղեկություն չունեմ»։
ԱՄՆ-ի կողմից 145 միլիոն դոլարի առաջին փուլի ֆինանսավորման վերաբերյալ հայտարարվել է ավելի վաղ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի հանդիպման ընթացքում։ Այդ աջակցությունը ներկայացվել է որպես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման բաղադրիչ։
Թեպետ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, թե Հայաստանը 99 տարով բացառիկ իրավունքներ է տրամադրելու Միացյալ Նահանգներին՝ «Թրամփի ուղու» կառուցման և կառավարման նպատակով, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հերքել է այդ տեղեկությունը։ Միաժամանակ, նա հաստատել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նախատեսում են համատեղ կոնսորցիում ստեղծել, որը հանդես կգա որպես երկաթուղային ենթակառուցվածքի կառուցապատող և հիմնական օպերատոր։
Ներկայում մնում է անորոշ, թե որն է նախագծի ընդհանուր արժեքը, և թե ԱՄՆ-ի կողմից հատկացվող աջակցությունը դրամաշնո՞րհ է, թե ներդրում։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






