ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով 2026–ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցության հարցին, ասել է, որ դեռևս չի ուզում եզրակացություններ անել։
«Տեսնենք, կախված իրավիճակից, դեռևս չեմ ուզում եզրակացություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մեր մասնակցության մասին», – ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտը չհաջողվի, արդյո՞ք ՀՀԿ-ն կմասնակցի 2026 թվականի ընտրություններին։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր թիմն ու գործարար Սամվել Կարապետյանի կազմած թիմը հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան՝ Սարգսյանն ասել է, որ դեռ չի հասցրել դիտել ասուլիսը և չի կարող մեկնաբանություն անել։
«Անկեղծ ասած, ժամանակ չեմ ունեցել դիտելու ասուլիսը, դրա համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,–ասել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:






