AM
7 Հոկտեմբեր 2025 - 13:40 AMT

Մամիջանյան․ Այժմ կարևոր է ապահովել իմպիչմենտին անկախ պատգամավորների աջակցությունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը շարունակում է առաջնորդվել սեփական օրակարգով և հանձնառությամբ։

«Մեք մեր խոսքի տերն ենք, գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումն անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած», – ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, այս փուլի ամենակարևոր գործողությունը անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավումն է, և հիմնական աշխատանքներն ուղղված են հենց այդ գործընթացին։

Երբ լրագրողները հիշեցրել են Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ըստ որի իմպիչմենտի գործընթացը պետք է ավարտվի մինչև տարեվերջ, Մամիջանյանն ասել է, որ ոչ ոք չի կարող ժամկետ դնել։

«ՀՀԿ և «Պատիվ ունեմ» խմբակցության վրա ոչ մեկ չի կարող ժամկետ դնել։ Մենք հայտարարել ենք, այդպես էլ անում են, որ մենք մեր ամբողջ ուժերն ուղղում ենք մինչև ընտրություններն իմպիչմենտ իրականացնելու համար։ Լավ կլինի, եթե մեզ այդ հարցում մեզ օգնեն բոլոր գործընկերները»,–նշել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցվել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետի իմպիչմենթի նախագծին կցելու համար։

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը: