AM
7 Հոկտեմբեր 2025 - 14:00 AMT

Քոչարյան․ Փաշինյանի հետ բանավիճելը տոքսիկ է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որով վերջինս կրկին հրավիրել է իրեն և մյուս նախկին նախագահներին բանավիճելու, հայտարարել է, որ «Փաշինյանի հետ բանավիճելը տոքսիկ է»։

«Կար պատճառ, հարց, որի շուրջ բանավիճելու ձեռնոց է նետվել, հիմա այդ հրավերը բոլորը մոռացել են։ Բանավեճ բառը սկսել է ապրել ինքն իր կյանքով», – ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նա «բանավիճել» բառը համեմատել է խաղաղության հետ, որը բոլորը կիրառում են՝ մոռանալով պատերազմի վտանգների մասին։

«Բանավեճը եղել է Արցախի շուրջ։ Որևէ ողջամիտ մարդ առանց լուրջ թղթի պատրա՞ստ է նստել և բանավիճել դրա շուրջ։ Եկե՛ք՝ նստենք բանավիճենք՝ երկրագունդը կլո՞ր է, թե՞ կլոր չէ։ Ես պատրաստ չեմ», – նշել է նա։

Քոչարյանի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դարձյալ նախկին նախագահներին հիշեցրել է նրանց բանավեճի հրավիրելու առաջարկը։

«Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,-գրել է նա։

Փաշինյանը դեռ նախորդ տարվա դեկտեմբերից հանրապետության նախկին ղեկավարներին հրավիրել էր բանավեճի Արցախի բանակցային գործընթացի շուրջ։ Այս ընթացքում Փաշինյանը մի քանի անգամ իր առաջարկը կրկնել է, սակայն, նախկին երեք նախագահները մերժում են Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։