AM
7 Հոկտեմբեր 2025 - 14:15 AMT

«Մայր Հայաստան»․ ՔՊ–ին ընդդիմացող բոլոր ուժերը պետք է պարտավորվեն քարոզարշավի ընթացքում միմյանց չթիրախավորել

«Մայր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր մոտեցումները Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին՝ ընդգծելով, որ գործող իշխանությունը սպառնալիք է երկրի անվտանգության և գոյության համար։

Ըստ կուսակցության, ՔՊ–ին ընդդիմացող բոլոր ուժերը պետք է պարտավորվեն քարոզարշավի ընթացքում միմյանց չթիրախավորել:

«Մայր Հայաստանը» Վաղարշապատի արտահերթ ընտրությունները դիտարկում է որպես հնարավորություն՝ Հայաստանում լիարժեք իշխանափոխության գործընթաց սկսելու համար։ Քաղաքական միավորն իր մասնակցությունը հիմնավորում է հետևյալ սկզբունքներով․

«Մայր Հայաստանը» մասնակցում է Վաղարշապատի ընտրություններին՝ նպատակ ունենալով քաղաքականապես վերացնել ՔՊԿ-ի ներկայությունը և համայնքում նոր իշխանություն ձևավորել։

Կուսակցությունը պատրաստ է գործընկերային հարաբերությունների քաղաքական ուժերի կամ դաշինքների հետ, որոնք կհայտարարեն, որ բացառում են ՔՊԿ-ի հետ համագործակցությունը նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում։ Նրանց, ովքեր կփորձեն նպաստել ՔՊԿ-ի վերարտադրությանը, «Մայր Հայաստանը» կհամարի այդ ուժի խամաճիկներ ու կվերաբերվի համապատասխան ձևով։ ՔՊԿ-ի վերաբերյալ անհստակ դիրքորոշում ունեցողները ևս կընդունեն որպես այդ ուժի աջակիցներ։

Թեև «Մայր Հայաստանը» հավակնում է ստանալ մանդատներ, որոնք հնարավորություն կտան ինքնուրույն ձևավորել Վաղարշապատի համայնքային իշխանություն, եթե դա չիրականանա, կուսակցությունը հանդես կգա համագործակցության առաջարկով՝ բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը։ Նման համագործակցությունը պետք է ձևավորվի ծրագրային և գաղափարական հիմքի վրա՝ ի շահ համայնքի։

«Մայր Հայաստանը» շեշտում է, որ ՔՊԿ-ի դեմ հանդես եկող բոլոր ուժերը պարտավոր են քարոզարշավի ընթացքում չթիրախավորել միմյանց և պայքարել հնարավոր ընտրակեղծիքների դեմ՝ համատեղ ուժերով, այդ թվում՝ ընտրատեղամասերում։

Ըստ կուսակցության, բոլոր իսկապես ընդդիմադիր ուժերը պետք է ամբողջական ջանքերով պաշտպանեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ՔՊԿ-ի ոչ լեգիտիմ իշխանության ղեկավարի ոտնձգություններից։

«Մայր Հայաստանը» հորդորում է Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ նախքան քարոզարշավի մեկնարկը հանդես գալ նմանատիպ սկզբունքային հայտարարությամբ կամ միանալ իրենց հրապարակված մոտեցումներին»,–ասվում է հայտարարության մեջ։

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16–ին։