Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։
Հոկտեմբերի 1–ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։
Վարդան Ղուկասյանը իրավապահների ուշադրությունը հրավիրել է այս հայտարարության վրա՝ հավելելով, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հանրային և քաղաքական դաշտից քաղաքապետին պետք է դուրս շպրտել, ընդհուպ «Վարդանիկ» բառն է օգտագործել։ Ճիշտն ասած՝ սպասում էինք։ Հայտարարություն է անում քաղաքային, հանրային դաշտից, ուրեմն գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում։ Քաղաքականությունը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են հանրային դաշտից դուրս շպրտելուց, այսինքն՝ ո՞ւր տանել այդ մարդուն՝ լուսի՞ն, թե՞ կյանքից զրկել»,- ասել է նա։
Ղուկասյանը հորդորել է իշխանություններին կոնկրետ ասել՝ գնում են Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության ճանապարհո՞վ, թե բռնապետական։
«Կամ էլ ասեք, որ Պինոչետն ենք ու ոչ մեկին չենք տալիս պետական կառույցները, և դա մենք պետք է լինենք` մեր եզը պիտի լինի քաղաքապետ, ոչխարը՝ մինիստր և այսպես շարունակ»,- հավելեց Գյումրու քաղաքապետը։
Նա ընդգծել է` նախկին իշխանությունների օրոք էլ է պաշտոնավարել, բայց Փաշինյանի վարքագիծը որևէ մեկը չի ունեցել։
«Մտածում էի` դատված է, մշտական դեմկոկրատիայից է խոսում, հավանական է, որ ավելի լավը կլինի, քան նախկիները, բայց սարսափելի դուրս եկավ, սարսափելի, ես էսպիսի բան չեմ տեսել»,- ասել է Ղուկասյանը։
Գյումրու քաղաքապետը վստահեցրել է, որ ինքը չի նահանջելու, ավելին՝ իշխանության ճնշումները նրան ավելի համարձակ են դարձնում։ Միևնույն ժամանակ ընտրողներին և ընդդիմադիրներին նա կոչ է արել հարկ եղած դեպքում ականջալուր լինել և կանգնել իր կողքին։
Փաշինյանն ասել է․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքիհամայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։






