AM
8 Հոկտեմբեր 2025 - 06:30 AMT

Դատարանը որոշել է արգելանք դնել Սերժ Սարգսյանի ու մյուս մեղադրյալների գույքի վրա

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշում է կայացրել վարույթ ընդունել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Ալեքսան Ալեքսանյանի և Վալերի Նարիմանյանի նկատմամբ Դատախազության կողմից ներկայացված գույքի բռնագանձման հայցը։

Ըստ դատական որոշման՝ Սարգսյանը, Նարիմանյանը և Ալեքսանյանը ճանաչվել են որպես գույքային պատասխանողներ, և հայցի ապահովման նպատակով դատարանը սահմանել է արգելանք նրանց պատկանող գույքի նկատմամբ, հայտնում է Factor.am-ը։

Նախորդ դատական նիստում հանրային մեղադրողը պահանջ էր ներկայացրել Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամի գույք։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սարգսյանը, գտնվելով պաշտպանության նախարարի պաշտոնում 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր դիրքը, նախարարության հաշվեկշռում հաշվառված և իր պաշտոնական լիազորություններով վստահված անշարժ գույքերը, որոնք գտնվում են Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում, օտարել է շուկայականից զգալիորեն ցածր արժեքով՝ փոխանցելով դրանք իր շրջապատի անձանց, ենթականերին, պետական համակարգի տարբեր պաշտոնյաների և այլ ֆիզիկական անձանց։ Այդ գործողությունների արդյունքում, ըստ մեղադրանքի, նա 15 դրվագով հափշտակություն է իրականացրել վատնման եղանակով և ևս 2 դրվագով՝ յուրացման եղանակով՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Գործի հարուցումից հետո Գլխավոր դատախազությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրենց ելույթներում, ընդգծել են, որ օտարվել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնին պատկանող հողամասերը։ Սերժ Սարգսյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։