ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իշխող ուժի այն պնդմանը, թե նախկին ղեկավարները խուսափում են բանավիճելուց։
Նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բազմիցս առաջարկել է 3 նախկին նախագահներին բանավիճել, Զաքարյանը նշել է, որ նա «լավ կանի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը համառորեն տարածող Ալիևի հետ բանավիճի»։
«Արցախը հանձնած, Հայաստանի անունից կապիտուլյացիա ստորագրած, երկիրը թուրքական շահերի առջև ծնկի բերած, 5000-ից ավելի զոհեր տված, 150 հազար մարդու տնավեր ու հայրենազուրկ դարձրած, հայ ժողովրդի վզին 13 միլիարդ դոլարի պարտք դրած, միջանցքային տրամաբանությունը ճանապարհի տեղ սղղացնող, չեղած խաղաղությունը ժողովրդի վրա վաճառող միակ մարդը հայտարարում է, թե նախորդ նախագահները վախենում են իր հետ բանավիճեն։ Իրո՞ք:
Ինչի՞ շուրջ բանավիճեն. ինչպես կործանել պատմական հաղթանակներ ու համազգային ձեռքբերումներ ունեցած երրորդ հանրապետությո՞ւնը, թե՞ ինչպես փոխել սահմանադրությունը՝ հակառակորդի պահանջով:
Այսօրվա աղետալի իրավիճակի հետ շաղկապված բոլոր թեմաները քո մենաշնորհն են, հետևաբար ինքդ քեզ հետ կարող ես ազատ բանավիճել: Հատկապես, որ ինչ պետք է, այն էլ բանակցել պրծել ես, քո՛ սեփական կետից:
Լավ կանես «Զանգեզուրի միջանցք» խոսույթը համառորեն տարածող Ալիևի, և մյուս երկրների ղեկավարների հետ բանավիճես, մինչև իմփիչմենտի գործընթացը կյանքի կկոչվի»,–գրել է Զաքարյանը։
Փաշինյանը բանավեճի մասին առաջարկով է հանդես եկել նաև հոկտեմբերի 7–ին՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, որը հայտարարել է, որ «Փաշինյանի հետ բանավիճելը տոքսիկ է»։
Փաշինյանը գրել է․ «Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ»։






