AM
8 Հոկտեմբեր 2025 - 07:21 AMT

Սիմոնյանը՝ Քոչարյանի մասին. Դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չեն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ ընդգծելով, որ այն դիտելու ցանկություն չի ունեցել։ Այդ մասին նա հայտնել է Տելեգրամի ալիքում։

Նա նշել է, սակայն, որ երկրորդ նախագահի «դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չեն»։

«Չեմ դիտել Քոչարյանի հարցազրույցը ու չեմ էլ պատրաստվում: Մի քանի կտրած տեսանյութ եմ տեսել համացանցում և մեկ-երկու մեջբերում՝ մամուլում:

Բովանդակային առումով ոչ մի նոր բանի ակնկալիք չկա, էսթետիկ առումով այդ մարդուն դիտել կամ լսելն ուղղակի տհաճ է: Այդ «սութի» ծիծաղները, դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ, իրեն ուղղակի չեն ասել, որ տրամադրությունը չընկնի: Իսկ եթե քաղաքական ասելիք ունի, դրա ճանապարհը վաղուց ցույց տրված է, թող համարձակություն հավաքի ու գա բանավեճի Հայաստանի Հանրապետության եզակի ընտրված ղեկավարի հետ:

Չնայած վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները:

Մի վախեցեք, մեկա բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք, բան չունեք կորցնելու, սենց գոնե շանս կլինի պարզել՝ ձեզանից ով է ավելի դիակ: Նենց որ՝ դուխով»,–գրել է նա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն առաջարկին, որով վերջինս կրկին հրավիրել է իրեն և մյուս նախկին նախագահներին բանավիճելու, հայտարարել է, որ «Փաշինյանի հետ բանավիճելը տոքսիկ է»։