AM
8 Հոկտեմբեր 2025 - 07:34 AMT

Մետրոպոլիտենի նախկին ինժեներն այլ անձանց հետ հափշտակել է մոտ 21 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության արդյունքում բացահայտվել են փաստեր, ըստ որոնց՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեները, համագործակցելով այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ իրականացրել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։

Ըստ նախաքննական մարմնի տվյալների՝ 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր Մետրոպոլիտենի և մի քանի անձանց միջև, որի համաձայն վերջիններս պարտավորվել են Մետրոպոլիտենի հավաքակայանում իրականացնել վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներ։

Պայմանագրով սահմանված ծառայությունների դիմաց ութ անձի փոխանցվել է ընդհանուր 20 մլն 710 հազար ՀՀ դրամ։ Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ նշված ութ հոգուց բաղկացած խումբը ձևավորվել է հենց Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեների նախաձեռնությամբ, և այս անձինք ոչ միայն Մետրոպոլիտենի աշխատակից չեն եղել, այլև նախկինում որևէ առնչություն չեն ունեցել վերոնշյալ աշխատանքների հետ։

Նախկին գլխավոր ինժեները, փորձելով թաքցնել աշխատանքների չկատարման փաստը, հավաստիացրել է Մետրոպոլիտենի ղեկավարությանը, թե իբր այդ անձինք վերանորոգման աշխատանքներն իրականացնելու են աշխատանքային օրվա ավարտից՝ ժամը 18:00-ից հետո։

Սակայն իրականում նրանք երբևէ չեն այցելել հավաքակայան և որևէ աշխատանք չեն կատարել, բայց պայմանագրով նախատեսված գումարները լիարժեք ստացել են։

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները, օգտվելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում ունեցած իր պաշտոնական դիրքից և հեղինակությունից, նախնական համաձայնության է եկել ութ անձի հետ և, ըստ նախաքննության ընթացքում պարզված տվյալների, Մետրոպոլիտենից խարդախության միջոցով յուրացրել է առանձնապես խոշոր չափի՝ 20 միլիոն 710 հազար դրամ գումար։

Քննչական մարմինը նրա գործողություններում պարզել է առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության առերևույթ նշաններ, ինչի հիման վրա նախկին գլխավոր ինժեների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Ութ անձի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով խարդախություն կատարելու հիմքով։

Նախկին ինժեների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 5 միլիոն 47 հազար դրամը, իսկ վեց անձի գույքի վրա դրվել է արգելանք՝ նրանց մեղսագրվող արարքով հասցված վնասի չափով։

Նշված վեց անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է դատավարական վերահսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։