AM
8 Հոկտեմբեր 2025 - 08:01 AMT

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ–ներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ հոկտեմբերի 7-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ։

Այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք փակ հանդիպումներ, որոնց թվում՝ խորհրդապահական զրույց է կայացել նաև Արսեն Ղուկասյանի հետ, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ առողջության պահպանման պայմանները, ինչպես նաև պահման ընդհանուր պայմանները և դրանից բխող հարցերը։

Հանդիպումների ընթացքում կալանավայրերում պահվող անձինք բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք քննարկվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատուների հետ։

Այցերի մանրամասները պահվում են գաղտնիության պայմաններում և չեն հրապարակվելու։

Տեղեկացվում է, որ այցերի արդյունքներն ամփոփվելու են, և արձանագրված խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվելու համապատասխան պետական մարմիններից։