AM
8 Հոկտեմբեր 2025 - 08:19 AMT

Մկրտչյանն ու Դեյնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հեռանկարները

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է անցկացրել սենատոր Սթիվ Դեյնսի հետ՝ քննարկելով երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացման ուղիները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գոյություն ունեցող օրակարգային հարցերն ու ռազմավարական բնույթի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև դրա արդյունքում ստորագրված փաստաթղթերին և TRIPP ծրագրի շրջանակում ձևավորվող միջտարածաշրջանային համագործակցության նոր հարթակներին։

Դեսպան Մկրտչյանը իր երախտագիտությունն է հայտնել սենատոր Դեյնսին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների և աջակցության համար։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։