AM
8 Հոկտեմբեր 2025 - 08:39 AMT

Արմեն Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի համալսարանի ռեկտոր

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է մաթեմատիկական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը՝ մրցույթի ընթացքում հաղթելով գործող ռեկտոր Ռուստամ Սահակյանին։

Թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցել է 2 թեկնածու՝ գործող ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Ռուստամ Սահակյանը և Արմեն Ծատուրյանը։ Հոգաբարձուների խորհրդի 13 անդամ քվեարկել է Ծատուրյանի օգտին, մինչդեռ Սահակյանը ստացել է 5 ձայն, հայտնում է Panorama.am-ը։

Panorama.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Լոռու նախկին մարզպետ, ներկայում ՆԳ փոխնախարար Արամ Ղազարյանն ակտիվորեն համոզել է Արմեն Ծատուրյանին առաջադրել իր թեկնածությունը՝ նրան աջակցություն խոստանալով։ Վերջինս ղեկավարում է Վանաձորի «Էվրիկա» ավագ դպրոցը՝ մասնագիտացած մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ։ Նա Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի կալանավորված ուսուցիչ Ա. Ծատուրյանի հարազատ եղբայրն է։

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը 2020 թվականին ողջունել էր Սահակյանի նշանակումը՝ նրան ներկայացնելով որպես արտասահմանից վերադարձած փորձառու մասնագետ։ Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նշել էր. «Դրսից ռեկտոր է եկել». «Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր»։