«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ գործարար Սամվել Կարապետյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը համարվում են քաղբանտարկյալներ՝ ըստ ԵԽԽՎ 1900 բանաձևի սահմանած չափանիշների։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի ալիքում։
Նա թվարկել է ԵԽԽՎ–ի սահմանած 5 չափանիշը։
«Ըստ այդ հինգ չափանիշների՝ անձը քաղաքական բանտարկյալ է, եթե նրա կալանավորումն իրականացվել է խոսքի, համոզմունքների կամ հավաքների ազատության խախտմամբ, իրականացվել է բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարական գործընթացի արդյունք։
Ստորև ներկայացնում եմ այդ չափանիշները․
ա) եթե կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես` մտքի, խղճի և կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ:
բ) եթե կալանավորումը կատարվել է բացառապես քաղաքական պատճառով, առանց որևէ հանցանքի հետ կապելու:
գ) եթե քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է կասկածյալ կամ մեղադրյալ:
դ) եթե քաղաքական շարժառիթներով անձը կալանավորվել է խտրականորեն՝ համեմատած այլ անձանց հետ:
ե) եթե կալանավորումն ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ:
Այս չափանիշները հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի պարագայում մենք գործ ունենք հենց քաղաքական հետապնդման փաստի հետ։ Նրանք հետապնդվում են ոչ թե որևէ հանցագործության, այլ իրենց արտահայտած կարծիքի, հարցազրույցների և հայտնած տեսակետի համար։ Միքայել Սրբազանի նկատմամբ երկու տարվա ազատազրկման հապճեպ դատավճիռը և Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդումն ու կալանավորումը վկայում են այն մասին, որ Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ՝ իշխանությունների վարած քաղաքականության դեմ ձայների լռեցման և մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության արժեքների ոտնահարման միջոցով։
Այս փաստերի համադրմամաբ հստակ կարող ենք ասել, որ այս դեպքերը ժողովրդավարական հետընթացի հստակ ցուցիչ են և խոսքի ազատության բացահայտ ոտնահարում»,–ասվում է գրառման մեջ։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Միքայել սրբազանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։
Սամվել Կարապետյանը հրապարակավ աջակցություն է հայտնել ՀԱԵ–ին՝ նշելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է հունիսի 18-ին, որից հետո նրա կալանքը երկարացվել է։






