Փաստաբան Տաթև Սողոյանը հայտարարել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։
Փաստաբանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմնին անմիջապես ներկայացվել է Ղուկասյանի հիվանդության պատմությունը և հաշմանդամության կարգը, սակայն դատարանը անտեսել է այդ փաստերը՝ ընտրելով կալանավորումը որպես խափանման միջոց, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ դա ուղղակիորեն հակասում է կառավարության որոշմանը, որովհետև ոչ թե մեկ, այլ մի քանի կետով ունի այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի կրման պայմանների հետ։
«Ղուկասյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություններ՝ քրոնիկ կորոնար համախտանիշ, մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, 3 անգամ ստենտավորվել է, սրտի աշխատանքն ապահովելու համար տեղադրվել է աջակցող սարք, և զարկերակային ճնշումը շատ բարձր ռիսկի է (2-րդ փուլ)։ Ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 6–ին, շտապօգնության խումբն արձանագրել է, որ Ղուկասյանն ունի գանգատ, քանի որ միջադեպի ժամանակ ստացել է հարված կրծքավանդակի շրջանում, որի հետևանքով սրտի դեֆիբիլյատոր սարքը հնարավոր է վնասվել է։ Նրան ցուցված է եղել անհապաղ դիմել բուժօգնության այն բուժհաստատություն, որտեղ կատարվել է սարքի տեղադրումը դրա անսարքությունը ժխտելու նպատակով, ինչը մինչ այս պահը չի իրականացվել։ Այսինքն` այս պահին գործ ունենք խիստ ռիսկային իրավիճակի հետ, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում»,– ասել է նա։
Փաստաբան Տաթև Սողոյանը հավելել է, որ թե՛ ձերբակալման, թե՛ կալանավորման օրը շտապօգնությունը արձանագրել է Արսեն Ղուկասյանի մոտ բարձր ճնշում։ Նա ներկայում զբաղված է բժշկական փաստաթղթերն ու միջնորդությունները համապատասխան մարմիններին ուղղելով՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել Ղուկասյանի ազատումը և նրա տեղափոխումը բուժհաստատություն՝ առողջական վիճակի մանրակրկիտ ստուգման համար։
Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր, որ ձերբակալվել են անհետ կորած զինծառայողների հարազատներից Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Սարգսյանը ազատ է արձակվել, իսկ Ղուկասյանը մնացել է կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորել է։






