AM
8 Հոկտեմբեր 2025 - 10:54 AMT

Դատախազություն․ Մեղրի համայնքին կվերադարձվի 0.8 հա մակերեսով հողամասը

Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրի մոտ 0.8 հա մակերեսով հողամասը՝ Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարած դատախազության հայցի արդյունքում։

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի դատախազությունն այս տարվա ապրիլի 18-ին հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2014 թվականի հուլիսի 4-ին կայացած աճուրդը, որի շրջանակում համայնքային հողամասը օտարվել էր մասնավոր անձի։

Հայցով, ի թիվս այլ պահանջների, վիճարկվել է Ալվանք բնակավայրի ղեկավարի՝ նույն տարվա հուլիսի 4-ի թիվ 19-Ա որոշումը, 2014 թվականի հուլիսի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և 2017 թվականի մարտի 21-ին կատարված պետական գրանցումը երկու քաղաքացիների անունով։

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 3-ին բավարարել է այս պահանջը, և երբ վճիռն ուժի մեջ մտնի, հողամասը վերադարձվելու է Մեղրի համայնքին։

Մեղրիի Ալվանք բնակավայրում գտնվող 8.5 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդները նախկինում ճանաչվել էին ձևական՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ քրեական գործի շրջանակում։

Դատավճռի հիման վրա դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին, 18-ին և 23-ին ներկայացրել է հինգ առանձին հայց՝ այդ հողամասերի վաճառքի գործընթացները անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դրանք ընդունել է վարույթ, իսկ հայցի ապահովման նպատակով կիրառել է համապատասխան միջոցներ։