AM
8 Հոկտեմբեր 2025 - 12:02 AMT

Իոաննիսյան․ Մեզ GONGO անվանելուց առաջ խոսեք ձեր երկրի՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին

2025 թվականի հոկտեմբերի 7-ին Վարշավայում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ բարձրաձայնելով Հայաստանում քաղաքացիական հասարակության վիճակը, ժողովրդավարական հիմնախնդիրները։

Նա հակադարձել է նաև Ադրբեջանի պատվիրակներին» «Մեզ GONGO անվանելուց առաջ խոսեք ձեր երկրի՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին»։

Նա նախ անդրադարձել է Հայաստանի ընտրական գործընթացների խնդիրներին, ընդգծելով, որ քաղաքացիական հասարակությունը մտահոգված է նաև տեղական իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքականության մեջ փողի վերահսկման բացակայությամբ։

«Տիկին նախագահող, sՍկզբում ես նախատեսում էի խոսել Հայաստանում ընտրությունների հետ կապված խնդիրների մասին: Մենք ունենք Ռուսաստան, որը փորձում է միջամտել մեր ընտրություններին, ճիշտ ինչպես դա արեց Մոլդովայում: Մենք ունենք ԿԸՀ, որը ձախողում է քաղաքականության մեջ փողի վերահսկումը։

Մենք ունենք կառավարություն, որը հրաժարվում է ընդունել քաղաքականության մեջ փողի վերաբերյալ օրենսդրություն, որը մշակվել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Ի վերջո, ունենք իշխող կուսակցություն, որը չարաշահել է իր վարչական ռեսուրսները մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ առանց հետևանքի:

Բայց քանի որ Ադրբեջանի հարգարժան ներկայացուցիչներն իրենց՝ մեկը մյուսից արտատպված ելույթներում մեզ անվանել են GONGO-ներ (իշխանամետ ՀԿ-ներ), ես կցանկանայի խոսել ՀԿ-ների մասին՝ որպես ժողովրդավարական հասարակության առանցքային բաղադրիչի։

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, այդ թվում՝ իմ ներկայացրածը, բոլորովին երջանիկ չեն երկրում տիրող ժողովրդավարության մակարդակից։ Դրանով հանդերձ, մենք լիարժեք կարող ենք քննադատել մեր կառավարությանը։ Ոչ ոք մեզ դրա համար չի հետապնդի, ոչ ոքի մտքով չի անցնի մեզ դրա համար ձերբակալել, ոչ ոք մեզ դրա համար չի պիտակավորի որպես «օտարերկրյա գործակալներ»։

Մենք կարող ենք քննադատել մեր կառավարությանն այստեղ, մենք կարող ենք քննադատել նրանց մեր երկրում, մենք կարող ենք դա անել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, և մենք կարող ենք ցանկացած հարց ուղղել մեր կառավարությանը և պահանջել պատասխաններ տարատեսակ ձևաչափերով։

Եվ մենք դա անում ենք։ Մենք խստորեն քննադատում ենք մեր կառավարությանը մի շարք հարցերում, մենք լրագրողական հետաքննություններ ենք անցկացնում՝ բացահայտելով մեր երկրի կոռուպցիոն դեպքերը։ Եվ այդ ջանքերի համար մեր կազմակերպությունը ստացել է «Ժողովրդավարության պաշտպան» մրցանակը ԵԱՀԿ անդամ պետությունների մեծ թվով պատվիրակություններից։

Մեր կազմակերպությունը մի շարք դատական գործեր ունի կառավարության դեմ։ Մենք ընդդեմ Հայաստանի գանգատ ենք ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք հետաքննություններ ենք իրականացնում, որոնք հանգեցնում են հրաժարականների, քաղաքականության փոփոխությունների և անգամ իրավապահ մարմինների ղեկավարների թեկնածուների արգելափակման։

Ուստի խնդրում եմ, Ադրբեջանից եկած յուրաքանչյուր ոք, ով մեզ կանվանի GONGO, ասե՛ք մեզ, արդյոք երբևէ քննադատե՞լ եք ձեր կառավարությանը մեր կողմից մեր կառավարության հասցեին հնչեցրած քննադատության գեթ 1%-ի չափով: Մենք ժողովրդավարական ինստիտուտներին նվիրված նիստ ունենք։ Խնդրում եմ, խոսե՛ք ձեր երկրի ժողովրդավարության մասին։

Դուք ներկայացնում եք տարածաշրջանի ամենա ոչ ժողովրդավարական երկրներից մեկը։ Մի երկիր, որտեղ ցանկացած ոչ իշխանամետ ՀԿ հետապնդվում է պետության կողմից, ինչպես Ռուսաստանում կամ Բելառուսում։ Եվ հիմա՝ ժողովրդավարությանը նվիրված այս նիստին, դուք խոսում եք ամեն ինչի մասին, բացի Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունից։

Արդյո՞ք Ադրբեջանում կան ընտրություններ։ Արդյո՞ք Ադրբեջանում կան անկախ լրատվամիջոցներ։ Թույլատրվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի քաղաքացիներին քննադատել իրենց կառավարությանը։ Պատասխանե՛ք այս հարցերին, նախքան մեզ GONGO անվանելը»,-ասել է նա։