AM
8 Հոկտեմբեր 2025 - 12:31 AMT

Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է դիմել 6 կուսակցություն և 1 դաշինք

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 6 քաղաքական ուժ՝ Վաղարշապատի ընտրությունների համար օգտահաշիվ ստանալու նպատակով։

ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ասել է, որ այդ ուժերն են «Հայաստանի շնորհապետական», «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները և «Հաղթանակ» դաշինքը, որը ձևավորվել է ՝ «Առաջ» աջակենտրոն կուսակցություն և ՀՅԴ-ի միավորմամբ, հայտնում է Factor.am-ը։

«Կուսակցությունները, ինչպես ընտրական գործընթացներում ներգրավված սյուբեկտները, հավատարմագրվում են էլեկտրոնային եղանակով։ Կուսակցությունները դիմում են ԿԸՀ-ին օգտահաշիվ ստանալու համար, այս օգտահաշիվների միջոցով ուժերը հետագայում լրացնում են իրենց ընտրական ցուցակները»,-ասաց ԿԸՀ խոսնակը։

Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ կուսակցությունները օգտահաշվի համար ԿԸՀ կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը, իսկ այդ օրվանից մինչև 17-ը ներառյալ իրականացվելու է ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումը։

Մինչ այս պահը հայտնի է, որ ՔՊ-ն Վաղարշապատի ընտրություններին առաջադրելու է համայնքապետի պաշտոնակատար, նախկին պատգամավոր ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։

Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսկացությունն առաջադրում է բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։ Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը աջակցում է Վանեցյանի թեկնածուին։ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։

«Հաղթանակ» դաշինքն առաջադրել է ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին։ Մյուս ուժերը դեռ թեկնածու առաջադրելու մասին չեն հայտարարել։

ԿԸՀ-ին օգտահաշվի համար դիմած քաղաքական ուժերը կարող են նաև չմասնակցել ընտրություններին։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կարող են ծանոթանալ իրենց տվյալներին ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնի միջոցով, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում։