AM
8 Հոկտեմբեր 2025 - 12:42 AMT

Մերձավանում 30-ից ավելի հասցե է խուզարկվել

Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունը, վերջին իրադարձություններով պայմանավորված, օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը։

Նշվել է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել:

ՆԳՆ ընդգծել է, որ իրականացվող գործողությունները միտված են ինչպես հետագա հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ քննության արդյունավետությանը։

Սեպտեմբերի 23-ի երեկոյան Մերձավանում, համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան մոտ, դիմակավորված և ձեռնոցներով անձը մոտեցել էր երեք քաղաքացու և կրակահերթ բացել։ Ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել էին Վալոդյա Գրիգորյանը և նրա երկու ընկերները՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել էր։

Սպանության գործով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։ Նա նաև եղբայրն է նույն համայնքում այս տարվա փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի։

Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է երկրորդ անձը, որը խոստովանել է, որ հենց ինքն է իրականացրել սպանությունը։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։